2023թ․ հունիսի 1-ին մեկնարկել է «Պատմության մրցույթներ» երկամյա ծրագրի երկրորդ փուլը Հայաստանումը, որը գործընկեր երկրներում (Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) իրականացվում է արդեն 4-րդ անգամ։
Հայաստանում ծրագիրն իրականացվում է Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի (Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ) կողմից՝ «Հազարաշեն ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն» ՀԿ և «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ` Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի գործընկերն է նաև Գերմանիայում Քյորբեր հիմնադրամը, որը դեռևս 2001թ․ մեկնարկել է «Պատմության մրցույթներ» նախաձեռնությունը, որին մինչ այժմ մասնակցել են ավելի քան 250․000 աշակերտներ և երիտասարդ հետազոտողոներ Եվրոպայի շուրջ 30 երկրներից։
Ծրագրի առաջին տարում կանցկացվեն վերապատրաստման դասընթացներ Երևանի, Գյումրու, Վանաձորի, Դիլիջանի և Կապանի հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարաններում «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հայ եկեղեցու պատմություն» առարկաները դասավանդող ուսուցիչների համար «Պատմություն առարկայի դասավանդում նախագծային և հետազոտական մեթոդների կիրառմամբ» թեմայով։ Վերապատրաստված ուսուցիչներն այնուհետև կձևավորեն 5-7-հոգանոց աշակերտական խմբեր, կընտրեն իրենց համար հետազոտության թեմա նախապես սահմանված ազգային թեմայի շրջանակում, կիրականացնեն հետազոտական նախագծեր և արդյունքները կներկայացնեն մրցույթին։
2024թ․ մրցույթի թեման է «Պրոպագանդան որպես խորհրդային գաղափարախոսության գործիք Հայաստանի հանրային տարածքում, կենցաղում, մշակույթի և կրթության մեջ»։
Ժյուրիի կողմից գնահատման արդյունքում ամենաբարձր միավորներ ստացած աշխատանքները հեղինակած խմբերը կստանան մրցանակներ։
Լավագույն աշակերտները հնարավորություն կունենան մասնակցելու 2024թ․ աշնանը Քյորբեր հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա միջազգային երիտասարդական համաժողովին, իսկ լավագույն ուսուցիչները հնարավորություն կստանան 2024թ․ ամռանը մասնակցելու ուսուցիչների համար փորձի փոխանակման աշխատարանի Վրաստանում։
Մրցույթին զուգահեռ ծրագրի փորձագետները կպատրաստեն նախագծային աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ մանրամասն գործնական ուղեցույց պատմություն դասավանդող ուսուցիչների համար, որը ծրագրի ավարտին կտրամադրվի ուսուցիչներին։