«Պատմության մրցույթներ Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում 3․0» ծրագրի շրջանակում 2022թ․ մարտի 22-ին, 24-ին և 26-ին Շիրակի, Տավուշի և Երևանի՝ մրցույթի մասնակից ուսուցիչների և աշակերտների համար կազմակերպվեցին միջոցառումներ գարնանային դպրոցի շրջանակում, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց հետազոտական նախագծերը, ինչպես նաև ծանոթանալու մրցույթի մասնակից մյուս աշակերտների նախագծերին և կատարած աշխատանքին։
Միջոցառման առաջին մասում մասնակից խմբերը ծանոթացան, այնուհետև «Խճանկար» խաղի ընթացքում, համագործակցելով միմյանց հետ, հավաքեցին խորհրդային շրջանի մշակույթը ներկայացնող տարբեր պատկերներ և ներկայացրեցին դրանք՝ քննարկում ծավալելով թեմաների շուրջ։
Միջոցառման երկրորդ մասում մասնակից թիմերը պաստառների միջոցով ներկայացրեցին իրենց հետազոտական նախագծերը և այդ ուղղությամբ կատարված աշխատանքները։ Հետազոտությունների համար ընտրվել են խորհրդային շրջանում կառուցված և/կամ այլ նպատակներով օգտագործված համայնքային հուշարձաններ, շինություններ, դպրոցներ, մշակութային տներ, թաղամասեր, փողոցներ և այլն։ Աշակերտները փորձել են դուրս բերել մոռացված պատմություններ այդ վայրերի մասին՝ ուսումնասիրություններ կատարելով արխիվներում, գրադարաններում, ինչպես նաև հարցազրույցներ անցկացնելով ականատեսների հետ։
Միջոցառման ընթացքում 2021թ․ վերապատրաստված ուսուցիչները ստացան դասընթացի մասնակցության իրենց վկայականները։
Գարնանային դպրոցի հատուկ հյուրն էր գրող, բանաստեղծ Վահրամ Մարտիրոսյանը, ով ներկայացրեց իր «Բամբակե պատեր» վեպը՝ քննարկում ծավալելով ԽՍՀՄ լեզվական քաղաքականության և մշակութային ու քաղաքական այլ դրսևորումների մասին։
Գարնանային դպրոցին ընդհանուր առմամբ մասնակցեցին 33 ուսուցիչ և 212 աշակերտ Շիրակից, Տավուշից և Երևանից։ Բոլոր մասնակիցները ընդգծեցին նման միջոցառումների կարևորությունը փորձի փոխանակման, նոր գիտելիքների և ընկերների ձեռքբերման և իրենց մեծ ծրագրի մաս զգալու առումով։