Մերժման և կարոտի միջև․ Խորհրդային և հետխորհրդային պատմությունը ընտանիքներում և տեղական համայնքներում
Անդրի Ֆերտ, նախագծի համակարգող, Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի Ուկրաինայի գրասենյակ, հունիս 2021
Խորհրդային միության փլուզումից անցել է երեսուն տարի։ Բոլորը կարծում էին, որ այդ երկիրը կլինի հավերժ, մինչև որ մի օր այն դադարեց գոյություն ունենալ։ Այդ ժամանակվանից ի վեր նախկին խորհրդային հանրապետությունների մեծ մասը դատապարտել է ամբողջատիրությունը, բռնաճնշումները, մարդու իրավունքների ոտնահարումները, խոսքի ազատության բացակայությունը և կոմունիստական գաղափարախոսությունը։
Կարելի է կարծել, թե Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան պատշաճորեն գնահատել են խորհրդային անցյալը, դասեր քաղել դրանից։ Սակայն առավել ուշադիր դիտակետից կարելի է նկատել, որ խորհրդային ժառանգությունը դեռևս առկա է մեր առօրյայում, տնտեսության մեջ և քաղաքական կյանքում։ Մինչ հասարակության մի մասը խստորեն դատապարտում և ժխտում է Խորհրդային անցյալը, մյուս մասը բարձրաձայնում է կարոտախտի մասին։ Խորհրդային հուշարձանների արմատական ապակոմունիզացիային և ավերմանը զուգահեռ տեսնում ենք խորհրդային խորհրդանիշերի վերականգնման գործընթաց։ Ստալինի պաշտամունքը ստվերում է աննախադեպ կրոնական վերածնունդը։ Իսկ խորհրդային դարաշրջանի մասին խոսելու կերպը դեռևս ազդում է մեր ինքնության վրա։
Պատմաբաններն այս երևույթն անվանում են «հետապնդող անցյալ», ինչը նշանակում է, որ անցյալը չի մահանում: Դրա պատճառը գուցե այն է, որ մենք շատ չենք քննարկել անցյալը, կամ որ համաձայնության չենք եկել դրա շուրջ, կամ գուցե որովհետև այն փոխարինել ենք միակողմանի, ոչ քննադատական պատմություններով։
Հուշարձանների պարզապես վերացումն ու փողոցների անվանափոխությունը բավարար չեն խորհրդային բարդ ու հակասական փորձը հասկանալու համար։ Փոխարենը, մենք պետք է դիտարկենք խորհրդային անցյալը մեր երկրների համար դեռևս անսովոր ոսպնյակների, մասնավորապես առօրյա պատմության, հիշողության ուսումնասիրության, միկրոպատմության և բանավոր պատմության միջոցով: Համադրելով այս մոտեցումը քաղաքական ուսումնասիրությունների հետ՝ կարող ենք տեսնել մեր նախորդ սերունդների փորձի բարդությունը և այդպիսով հասկանալ այսօր դեռ գոյություն ունեցող տարբեր զգացումներն ու կարծրատիպերը:
Մեր նախագիծը հրավիրում է Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ուսուցիչներին և նրանց աշակերտներին՝ միանալու խորհրդային փորձի և հետխորհրդային անցման մասին այս քննարկմանը: Մենք առաջարկում ենք մտքերի փոխանակման, այլ երկրներից ձեր հասակակիցների հետ հանդիպելու հնարավորություն։ Կսովորեք նաև՝ ինչպես աշխատել պատմական աղբյուրների հետ, ինչպես իրականում գրել պատմություն, և կհասկանաք, թե որքան բարդ ու անորոշ կարող է լինել անցյալը:
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի (Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ) կողմից Քյորբեր հիմնադրամի հետ համագործակցությամբ` Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։