Մրցույթի մասին
«Պատմության մրցույթներ» նախաձեռնությունը մեկնարկել է 2001թ․ EUSTORY ոչ ֆորմալ ցանցի կողմից և նախատեսված է աշակերտների, ուսանողների և երիտասարդ հետազոտողների համար։ 2001թ․-ից ի վեր անցկացվել են շուրջ 22 մրցույթ, որոնց մասնակցել են ավելի քան 230․000 երիտասարդներ ողջ Եվրոպայից։
2021թ․ Հայաստանն առաջին անգամ միացել է այս նախաձեռնությանը և 2022թ․ կանցկացվի առաջին «Պատմության մրցույթը» հանրակրթական դպրոցների աշակերտների համար։ Մրցույթի շրջանակում հանրակրթական դպրոցների աշակերտները պետք է կատարեն անհատական կամ խմբային հետազոտական աշխատանք (նախագիծ) նախապես սահմանված թեմայի շրջանակում և ներկայացնեն արդյունքները նախընտրած որևէ ձևաչափով (շարադրություն, ֆոտո պատմություն, ֆիլմ, այլ)։
Մրցույթի թեմա
Ծրագրի մասնակից բոլոր 5 երկրների (Հայաստան, Բելառուս, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա) համար 2021 – 2022թթ․ փուլի ընդհանրական թեման է «Մերժման և կարոտաբաղձության միջև․ Խորհրդային և հետխորհրդային շրջանի պատմությունը ընտանիքներում և տեղական համայնքներում»՝ ի նշանավորումն ԽՍՀՄ փլուզման 30-ամյակի։
Հայաստանի ազգային թեման է՝ «Մոռանալու և հիշելու միջև. խորհրդային և հետխորհրդային հիշողության լանդշաֆտը համայնքներում և ընտանիքներում»։
Ո՞վ կարող է մասնակցել մրցույթին
Պատմության մրցույթին կարող են մասնակցել նախագծում ընդգրկված ուսուցիչների կողմից ձևավորված աշակերտական խմբերը / խմբերի անդամ աշակերտները։ Նախագծի 2021-2022թթ․ շրջափուլում ընդգրկված են ՀՀ Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցներում դասավանդող շուրջ 50 ուսուցիչներ (ամբողջ ցանկն այստեղ)։
Պատմության մրցույթին մասնակցելու համար յուրաքանչյուր մասնակից (թիմ կամ անհատ) կարող է ուղարկել միայն մեկ հայտ։ Եթե թիմը ներկայացնում է խմբային աշխատանք, թիմի յուրաքանչյուր անդամ կարող է նաև առանձին անհատական աշխատանք ներկայացնել։
Ինչպե՞ս ներկայացնել հայտը
Պատմության մրցույթին մասնակցելու համար հարկավոր է լրացնել առցանց հայտը։ Այլ տարբերակներով ուղարկված աշխատանքները չեն ընդունվի։
Աշխատանքների գնահատում
Ներկայացված աշխատանքները գնահատվելու են պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից՝ հետևյալ չափանիշների հիման վրա․
- Աշխատանքը ամբողջականորեն ներկայացնում է ընտրված թեմայի շրջանակներում կատարված հետազոտական նախագիծը – առավելագույնը 10 միավոր:
- Հետազոտության համար ընտրված ձևաչափը լավագույնս է արտացոլում նախագծի բովանդակությունը – առավելագույնը 5 միավոր:
- Աշխատանքի հիմքում ընկած հետազոտական մասը տեսանելի է, հիմնավոր, հավաստի աղբյուրների վրա հիմնված – առավելագույնը 7,5 միավոր:
- Հետազոտական նախագծի արդյունքները ներկայացված են կրեատիվ/ստեղծագործ մոտեցումներով – առավելագույնը 7,5 միավոր:
- Աշխատանքը կատարվել է ինքնուրույն, առկա է բազմակողմանի, վերլուծական մոտեցում – առավելագույնը 10 միավոր:
Խրախուսում
Լավագույն աշխատանքների հեղինակները կստանան խրախուսական մրցանակներ, ինչպես նաև հնարավորություն կունենան մասնակցելու ուսուցիչների և աշակերտների համար նախատեսված փորձի փոխանակման միջազգային միջոցառումներին։
Ներկայացված աշխատանքները կհրապարակվեն նախագծի կայքում, ինչպես նաև կհրատարակվեն առանձին ժողովածուով։