Ս․թ․ հոկտեմբերի 25-28-ը Երևանում տեղ ունեցավ Պատմության ճամբար 2022-ը՝ «Բարեկամության և երջանկության ամրո՞ց․ Բացահայտելով խորհրդային քարոզչությունը» խորագրի ներքո։

Ճամբարին մասնակցում էին 17 աշակերտ Հայաստանից և Մոլդովայից, ովքեր 2022թ․ ընթացքում մասնակցել են Պատմության մրցույթներին, կատարել հետազոտական աշխատանքներ «Մերժման և կարոտաբաղձության միջև․ Խորհրդային և հետխորհրդային շրջանի պատմությունը ընտանիքներում և տեղական համայնքներում» ընդհանուր թեմայի շրջանակներում և ճանաչվել հաղթող տարբեր անվանակարգերում։ Աշակերտների հետ ճամբարին մասնակցում էին նաև 1-ական ուսուցիչ 2 երկրներից։


Ճամբարի ընթացքում մասնակիցները հարստացրին իրենց գիտելիքները Խորհրդային շրջանի պատմության, մասնավորպես պետական քարոզչության և մարդկանց կյանքում դրա ազդեցության, ինչպես նաև քարոզչության դեմ պայքարի գործիքների մասին։
Ճամբարի 4 օրերը բավական հագեցած էին։ Մասնակիցները այցելեցին Սովետական ակումբ, որի հսկայական հավաքածուի միջոցով պատկերացում կազմեցին Խորհրդային կյանքի, առօրյայի մասին։ Սերգեյ Փարաջանովի թանգարանում ազգագրագետ Լևոն Աբրահամյանի օգնությամբ նրանք ծանոթացան հանրահայտ կինոռեժիսորի կյանքին և գործունեությանը, ինչպես նաև Խորհրդային իշխանությունների հետ ունեցած նրա տարաձայնություններին։
Մշակութային մարդաբան Համլետ Մելքումյանը նրանց ներկայացրեց մուլտֆիլմերում թաքնված Խորհրդային քարոզչության տարրերը, իսկ գրող Արմեն Հայաստանցին քննարկում անցկացրեց իր «Արծաթե դարպասներ» պատմվածքի և դրա միջոցով Խորհրդային պատմության կոնկրետ ժամանակահատվածի շուրջ։

Ճամբարի ավարտին մասնակիցները կոլաժներ պատրաստեցին Խորհրդային քարոզչության իրենց պատկերացումների վերաբերյալ՝ ներկայացնելով դրանք միմյանց և կիսվելով փորձով։

Ճամբարն իրականացվում էր Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի, Հազարաշեն ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն ՀԿ և Քյորբեր հիմնադրամի կողմից՝ «Պատմության մրցույթներ Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում 3․0» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։









Մրցույթին ներկայացված բոլոր աշխատանքների հեղինակ աշակերտներն ու խմբերը ստացան վկայականներ, իսկ մրցանակակիր թիմերը՝ նաև հատուկ մրցանակներ։ Լավագույն աշխատանքներ ներկայացրած թիմերի ուսուցիչները ևս արժանացան հատուկ մրցանակների իրենց ներդրման և ցուցաբերած արդյունքների համար։
Լավագույն աշխատանքների հեղինակ աշակերտները հնարավորություն կունենան մասնակցելու ս․թ․ հոկտեմբերին Հայաստանում կայանալիք «Պատմության ճամբարին», որին կմասնակցեն նաև ծրագրի անդամ մյուս 3 երկրների՝ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի պատմության մրցույթների հաղթող աշխատանքների հեղինակները։






Գարնանային դպրոցի հատուկ հյուրն էր գրող, բանաստեղծ Վահրամ Մարտիրոսյանը, ով ներկայացրեց իր «Բամբակե պատեր» վեպը՝ քննարկում ծավալելով ԽՍՀՄ լեզվական քաղաքականության և մշակութային ու քաղաքական այլ դրսևորումների մասին։
Գարնանային դպրոցին ընդհանուր առմամբ մասնակցեցին 33 ուսուցիչ և 212 աշակերտ Շիրակից, Տավուշից և Երևանից։ Բոլոր մասնակիցները ընդգծեցին նման միջոցառումների կարևորությունը փորձի փոխանակման, նոր գիտելիքների և ընկերների ձեռքբերման և իրենց մեծ ծրագրի մաս զգալու առումով։