Հայաստանում նախագծի պաշտոնական լոգո
2021թ․ հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ «Պատմության մրցույթներ Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում 3․0» ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությունը Հայաստանում։
Միջոցառմանը հրավիրված էին նախագծի շրջանակում հայտարարված բաց մրցույթին հետաքրքրության հայտ ներկայացրած բոլոր ուսուցիչները։
Միջոցառումն իրականացվեց հիբրիդ տարբերակով։ Երևանի Բուն ակումբում անցկացված դեմառդեմ միջոցառման ընթացքում Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի թիմը և փորձագետները մասնակից ուսուցիչներին ներկայացրեցին նախագիծը, նպատակներն ու նախատեսվող աշխատանքները։
Կազմակերպիչները ներկայացրեցին նաև 2021-2022թթ․ շրջափուլի համար ընդհանուր թեման նախագծի մասնակից բոլոր երկրների համար, այն է՝ «Մերժման և կարոտի միջև․ Խորհրդային և հետխորհրդային պատմությունը ընտանիքներում և տեղական համայնքներում», որն ընտրվել է՝ ի նշանավորումն Խորհրդային միության փլուզման 30-ամյակի։ Հայաստանում անցկացվող մրցույթի թեման կլինի «Մոռանալու և հիշելու արանքում. Խորհրդային և հետխորհրդային հիշողության լանդշաֆտը համայնքներում և ընտանիքներում», որի շրջանակում մասնակից աշակերտները կհետազոտեն իրենց համայնքներում առկա կամ երբևէ գոյություն ունեցած խորհրդային ժամանակաշրջանի հուշարձաններն ու շինությունները, վեր կհանեն հայտնի և մոռացված պատմություններ դրանց մասին, կխորհեն իրենց համայնքներում դրանց նշանակության և կարևորության մասին։ Այդ հուշարձանները կարող են վերածվել գործնական ուսուցման և ուսումնառության այլընտրանքային վայրերի։
նախագծի պաշտոնական մեկնարկ
Միջոցառման հրավիրյալ բանախոսներ Աղասի Թադևոսյանը և Գայանե Շագոյանը խոսեցին Խորհրդային անցյալի վերանայման, նոր մեթոդներով և մոտեցումներով ուսումնասիրության և դասավանդման կարևորության մասին։
Միջոցառմանը դեմառդեմ և առցանց մասնակցող ուսուցիչները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղելու բանախոսներին, ինչպես նաև ծանոթացան նախագծի բովանդակությանն և նախատեսվող քայլերին։
Հովհաննես Հովհաննիսյան, ԵՊՀ ռեկտոր, նախագծի գլխավոր աջակից
Մասնակիցներին տեսաուղերձով դիմեց նաև նախագծի գլխավոր աջակից, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը` կարևորելով նման նախագծերի անցկացումը Հայաստանի հանրային դպրոցներում: